Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Ռումանական լրատուամիջոցները հաստատում են այն տեղեկութիւնը, որ Հայաստանում Ռումանիայի դեսպան Սորին Վասիլէն կանչուել է Բուքրեշ` բացատրութիւններ տալու համար: Դեսպանը յետ կանչելու պատճառն իր կողմից  Հայաստանի ամերիկեան համալսարանի մէջ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ կատարուած անարգալից եւ կողմնակալ յայտարարութիւններն են, որոնք բացայայտ հակասեմական բնոյթ են կրել:

Թէեւ դեսպանը Ռումանիայի Արտաքին գործոց նախարարութեան պահանջով` ուշացումով հայ ժողովրդից հրապարակային ներողութիւն պարունակող պարզաբանում է հրապարակել` դիւանագիտական այս գայթակղութիւնը նոր զարգացում ստացաւ:

Ինչպէս հաղորդում է ռումանական «Աջերփրես» ազգային պետական գործակալութիւնը, Ռումանիայի Արտաքին գործոց նախարարութիւնը յատուկ յայտարարութեամբ «խստօրէն դատապարտել եւ քննադատել է Հայաստանի հանրապետութեան մէջ այդ երկրի դեսպան Սորին Վասիլէի հակասեմական եւ  այլատեաց յայտարարութիւնները։ Նա շուտով կանչուել է Ռումանիայի Արտաքին գործոց նախարարութիւն` բացատրութիւններ տալու համար:

Արտաքին գործոց նախարարութիւնն արդէն իսկ հրահանգել է դեսպանին հրապարակային ներողութիւն խնդրել եւ ընդգծել, որ խստօրէն դատապարտում է «որեւէ վարքագիծ կամ արտայայտութիւն, որ նպաստում է  անհանդուրժողականութեան ու կարծրատիպերի տարածման»:

«Արտաքին գործոց նախարարութիւնը չի հանդուրժում եւ չի հանդուրժելու  ռումանական դիւանագիտութեան ներկայացուցչին` անկախ նրա զբաղեցրած պաշտօնից, վարքագծի եւ հռետորաբանութեան որեւէ շեղում, որ կարող է յանգեցնել արդի միջազգային յարաբերութիւնների, Ռումանիայի եւ այլ երկրների միջեւ  երկկողմ յարաբերութիւնների արժէքների, կանոնների եւ հիմնարար սկզբունքների ոտնահարման կամ` այն որ խեղաթիւրում է Ռումանիայի պետութեան դիրքորոշումը միջազգային խնդիրների նկատմամբ», «Արմէնփրես»-ի փոխանցումով Ռումանիայի Արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը մէջբերել է ռումանական «Ադեւարուլ» պարբերականը:

Ռումանիայի Հակասեմականութեան դէմ պայքարի եւ դիտարկումի կենտրոնը մի կոչով դիմել է Ռումանիայի նախագահին` արագ կարգով քայլեր ձեռնարկել Հայաստանում  Ռումանիայի դեսպան Սորին Վասիլէի «հակասեմական եւ հոմոֆոպ» որակուած յայտարարութիւնների վերաբերեալ: